19-րդ դարի վերջին Երեւանում կառուցված եւ պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում ընդգրկված Աֆրիկյանների շենքից գողացվել եւ պղծվել է մոտ  30 քար։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողներին ասաց «Պահպանենք Աֆրիկյանների շենքը» նախաձեռնության անդամ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։

«Աֆրիկյանների շենքն իբր թե «ապամոնտաժվում» է, բայց իրականում դա քանդվում է, հղում են տալիս մի քանի կիսատ-պռատ փաստաթղթերի, որ իբր շենքը տեղափոխվելու է «Հին Երեւան» թաղամաս։ Բազմիցս հայտարվել է, որ ապամոնտաժումն անօրինական է, թվով մոտ 30 քար է քանդվել, գողացվել եւ պղծվել, ինչն էլ քրեորեն պատժելի արարք է»,-ասաց ճարտարապետը։

Նրա խոսքով՝ Մշակույթի նախախարարությունը դեռ իրենց չի պատասխանել՝ տվե՞լ է ապամոնտաժման թույլտվություն, թե ոչ։

Ճարտարապետը նշեց, որ ըստ կառավարության որոշման, շենքն ապամոնտաժելու են «Հին Երեւան» թաղամասում վերականգնելու նպատակով, բայց իրենք չեն հավատում, որ շենքը կվերականգնվի, քանի որ հանված քարերը նույնիսկ այսօր պատշաճ չեն պահպանվում։

Ճարտարապետի խոսքով՝ շենքը տեղափոխելու մասին Կառավարության 2004թ. որոշումը անօրինական է, քանի որ դրանից հետո 2008թ. Հայաստանը վավերացրել է Եվրոպական ճարտարապետական ժառանգության պահպանության կոնվենցիան, որով արգելվում է հուշարձան շենքերի տեղափոխումը։