Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հարցազրույց է տվել գերմանական Focus պարբերականին, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները համեմատել է Ադոլֆ Հիտլերի եւ Իոսիֆ Ստալինի կիրառած մարտավարության հետ:

Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Պուտինը «ազգությունն օգտագործում է որպես առիթ, որպեսզի ռազմական միջոցներով գրավի երկիրը» եւ ձգտում է նավթային լծակների օգնությամբ վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ:

«Դա նույնությամբ կրկնում է այն, ինչ արեցին Ստալինն ու Հիտլերը: Նման համեմատությունը լրիվ համապատասխանում է իրականությանը»,-վստահ է նա:

Լիտվայի նախագահը նաեւ հիշեցրել է ռուսական բանակի պարբերական զորավարժությունները Կալինինգրադի մարզում, համարելով, որ դա նույնպես հարեւաններին վախեցնելու միջոց է: Նա մեղադրել է Ռուսաստանին սադրանքների մեջ:

Ռուսաստանը, ըստ Գրիբաուսկայտեի, ձգտում է Բալթյան երկրները պահել տնտեսական ու էներգետիկ կախվածության մեջ: