Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց հավաքված՝ էլեկտրաէներգիայի թանկացման  դեմ պայքարող քաղաքացիներին ոստիկանների դեմ պայքարում այսօր՝ հունիսի 23-ին, օգնության են հասել հարակից շենքի բնակիչները, ովքեր վերեւից ջուր են լցրել քաղաքացիական ակտիվիստների շարժը խոչընդոտող ոստիկանների գլխին։

Նշենք, որ ոստիկանները սկզբում պատ էին կազմել եւ քաղաքացիներին թույլ չէին տալիս մոտենալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքին, բայց երբ ակցիայի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական շղթան ու բարձրացան շենքի մուտքի մոտ, սկսվեցին բախումներ ու քաշքշուկ, ոստիկանները բերման ենթարկեցին առնվազն 10 քաղաքացու։

Սարյան փողոցի, որն ակցիայի մասնակիցները փակել էին ի նշան բողոքի, քիչ առաջ բացվել է, երթեւեկությունը վերականգնվել է։

Լրագրողների հարցին, թե ինչու են բերման ենթարկվել ակցիայի ամսնակիցները, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ նրանք չեն ենթարկվել ոստիկաների օրինական պահանջին եւ խախտել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am