Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը երկրի տնտեսական զարգացման համար լայն հնարավորություն է ընձեռում: Այդ մասին այսօր՝ հունիսի 23-ին, «Երեւանի եվրասիական ընտրությունն ու Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայի հասարակական-քաղաքական քննարկման ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի ցանկացած որոշում պետք է բխի երկրի ազգային շահերից եւ ազգային անվտանգությունից: «Մենք չենք կարող զարգացնել հարաբերությունները Բրյուսելի հետ եւ հարաբերություններ չունենալ Մոսկվայի հետ», - նշեց Դոխոլյանը:

Անդրադառնալով այն պնդմանը, որ ԵԱՏՀ անդամակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման համար լայն հնարավորություններ կընձեռի՝ պատգամավորն ընդգծեց, որ դա, առաջին հերթին, նշանակում է  ռազմավարական առումով կարեւոր ապրանքների գների իջեցում՝ շնորհիվ տրանսպորտային միջոցների ծախսերի կրճատման եւ մաքսային տուրքերի նվազեցման: «Բացի այդ, միասնական տնտեսական տարածքը ենթադրում է ինչպես տեղական, այնպես էլ ներմուծվող արտադրանքների շուկաների ընդլայնում: Տեղական արտադրության շուկայի ընդլայնումը նշանակում է տեղական արտադրանքի նկատմամբ պահանջարկի ավելացում, ինչը նպաստում է   ներքին արտադրողականության բարձրացմանը: Նմանատիպ փոփոխությունները էական նշանակություն ունեն անցումային տնտեսությամբ երկրների համար, քանի որ հանգեցնում են սոցիալական կառուցվածքի որակական փոփոխությունների», -ասաց Լեւոն Դոխոլյանը: