Ստեփանակերտից հունիսի 19-ին կոմայի մեջ հայտնվելու հետeuանքով ուղղաթիռով Երևանի Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող 18-ամյա Իշխան Սարգսյանը դուրս է եկել կոմայից, սակայն ոչ մեկին չի հիշում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մայրը՝ Չինաշխարհիկ Սարգսյանը:
«Մեզ զանգեցին ու ասացին, որ երեխուս տեղափոխել են հոսպիտալ, հունիսի 22-ին տղաս կոմայից դուրս է եկել, սակայն հիշողությունը մեկ գնում ա, մեկ գալիս, գիտակցությունն անընդհատ կորցնում է, անգամ ինձ՝ հարազատ մորը չի ճանաչում»,-պատմեց տիկին Սարգսյանը:
Իշխանը բանակ է զորակոչվել հունիսի 16-ին Հրազդանի զինկոմիսարիատից: Մոր պատմելով՝ որդին առողջական ոչ մի խնդիր չի ունեցել, սակայն զորակոչվելուց ընդամենը երկու օր անց զանգել եւ ասել է, որ ջերմություն ունի:
«Էրեխեն, երբ գիտակցության էկավ մի պահ, ասաց, որ հավաքակայանում սրսկել են ու ինքը վատացել ա, բայց մենակ դա ասաց ու նորից կորցրեց հիշողությունը, էսքանից հետո ես ո՞նց թողեմ, որ իմ տղան ծառայի, չեմ թողելու, ինչ ուզում է, թող լինի»,կ- ավելացրեց տիկին Սարգսյանը՝ նշելով, որ անելանելի վիճակում են, քանի որ ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում է եւ չի կարող Հայաստան գալ:





























