Ադրբեջանի գրողների միությունը միանգամայն լուրջ է ընդունել  Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանի վերջերս հնչեցրած անհեթեթ հայտարարությունները:

Ըստ vesti.az-ի, արդեն մի քանի շաբաթ է մշակույթի առաջատար գործիչները, գրողները գլուխ են կոտրում՝ Լյուբիկ Չիբուխչյանի խնդիրը լուծելու համար, որը մտադիր է անդամագրվելու խնդրանքով դիմել  Ադրբեջանի գրողների միությանը: Մերժման դեպքում Լյուբիկը սպառնացել է ամբողջ աշխարհով մեկ խայտառակել Ադրբեջանին:

«Բաքվի համապատասխան կառույցները հրատապ կարգով պետք է գրող-պաշտոնյայի համար բնակարան գտնեն: Դա դժվար չէ: ԱԱՆ-ի մեկուսարանի դռները միշտ բաց են Լյուբիկի եւ իր նմանների համար:  Չպետք է զարմանալ, եթե ԱԱՆ-ն դուր գա Չիբուխչյանին, քանի որ Բաքվում լավ են կերակրում, նույնիսկ` ճաղերի հետեւում: 

Մյուս կողմից էլ, կարելի է չդիմել ծայրահեղ միջոցների: Իսկապես, ինչո՞ւ հոգեկան հիվանդին աշխատանքի չընդունել Ադրբեջանի գրողների միությունում: Հանգուցյալ գրողների նկարների վրա միշտ էլ փոշի կա, թող մաքրի», - մտմտում է ադրբեջանական հրատարակչությունը:

Ադրբեջանի գրողների միությունում, սակայն,  լուրջ են տրամադրված: Մեկնաբանելով Լյուբիկ Չիբուխչյանի հայտարարությունը, միության մամուլի քարտուղար Խայալ Ռզան նշել է. «Հայկական մամուլում նրա հարցազրույցը կարդալով` կարելի է եզրակացնել, որ Չիբուխչյանը կաշվից դուրս է գալիս իր կորցրածը վերադարձնելու համար: Չպետք է զարմանալ, եթե այդ նպատակների համար նա նույնիսկ Մոզամբիկի քաղաքացիություն ընդունի»:

Խոսելով Ադրբեջանի գրողների միության շարքերը Լյուբիկին ընդունելու հնարավորության մասին` Խայալ Ռզան նշել է, որ դա նույնիսկ քննարկման առարկա չէ: «Հայերի կողմից ադրբեջանական տարածքների 20%-ի զավթման պայմաններում այդ մասին խոսելն անիմաստ է: Միայն այդ տարածքներն ազատագրելուց հետո կարելի է քննարկել այս հարցը», - նշել է նա:

Լուսանկարը «Առավոտի»