Ռուսական կառավարության պաշտոնական տպագիր մամուլը՝ «Ռուսաստանյան թերթը», հանրագումարի է բերել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Հրատարակությունը հաղորդել է, որ թուրքական կողմը ոչ միայն համաձայնել է Սև ծովի իր տարածքային ջրերում «Հարավային հոսք» գազամուղի շինարարությանը, այլև հենց ինքն էլ կընդգրկվի նախագծում, սակայն հայտնի չէ, թե ինչ հիմունքներով։ Ռուսաստանի մասնագետներն արդեն կարող են ձեռնամուխ լինել Սև ծովի հատակի հետազոտմանը։
Եվս մեկ գլխավոր թեմա է եղել ատոմային էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության մեկնարկը։ Այսպես, Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ռուսաստանի մասնագետների օգնությամբ Թուրքիայում առաջին ԱԷԿ-ը կառուցելու հարցը։ Նախագիծը ներառում է յուրաքանչյուրը 1200 մՎտ հզորությամբ 4 բլոկների կառուցում, որոնց արտադրած էլեկտրաէներգիան մինչև 2030 թվականը կվաճառվի հաստատագրված գնով, իսկ հետո արդեն շուկայականով։ ԱԷԿ-ը էներգիա կսկսի արտադրել 2016 թվականի հուլիսին։ Շինարարության արժեքը՝ ըստ կոնսորցիումի առաջարկի, որի մեջ մտնում են «Ատոմստրոյէքսպորտ»-ը, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը և թուրքական «Ջիներ գրուպ» հոլգինդը, կկազմի 21 մլրդ. դոլար։ Նախատեսվում է ներդրումները փոխհատուցել մինչև 2030 թվականի վերջը։
Թերթը հիշեցնում է, որ «Հարավային հոսք» գազամուղը Նովոռոսիյսկից Սև ծովի հատակով կհասնի մինչև բուլղարական Վառնա նավահանգիստ։ Այնուհետև նրա երկու ճյուղերը՝ շրջանցելով Բալկանյան թերակղզին, կհասնեն Իտալիա ու Ավստրիա, թեպետ դրանց ճշգրիտ ուղիները դեռ որոշված չեն։ Ծրագրերի համաձայն, տարեկան 63 մլրդ. խոր. մետր գազի թողունակությամբ նախագիծը պետք է շահագործվի մինչև 2013 թվականը։ Ըստ գաղափարի, «Հարավային հոսքը» պետք է նվազեցնի տարանցիկ երկրներից՝ մասնավորապես Ուկրաինայից, մատակարարների ու գնորդների կախվածությունը։ Հեռահար էներգածրագրերի կյանքի կոչմամբ ցբաղվում է Շվեյցարիայում գրանցված ընկերությունը, որը համամասնական հիմունքներով (50-ական տոկոս) պատկանում է «Գազպրոմ»-ին ու իտալական ENI-ին։ Հիշեցնենք, որ Թուրքիան մասնակցում է նաև «Հարավային հոսքի»-ն մրցակից նախագծին՝ Nabucco գազամուղին։
Հատկանշական է, որ 2009 թվականի հուլիսի 13-ին Անկարան` Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ միասին ստորագրել էր Nabucco-ի (նախագիծ, որը «Հարավային հոսքի» մրցակիցն է – NEWS.am) շուրջ համաձայնագիրը։
Ի հավելումն դրանց՝ վարչապետները քննարկել են «Երկնագույն հոսք-2» գազամուղի շինարարությունը, որը նախատեսվում է հասցնել մինչև Իսրայել, «Սամսուն-Ջեյհան» նավթային ծրագրի իրականացումը և Թուզգելյու լճի տակ գազապահեստարանի կառուցումը, որն իրականացնելու է ռուսաստանյան կողմը։
2008 թվականին ռուս-թուրքական ապրանքաշրջանառության ծավալը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ գրեթե 34 մլրդ. դոլարի՝ 50%-ով գերազանցելով 2007 թվականի ապրանքաշրջանառության ծավալները։ Ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալներով Ռուսաստանը՝ շրջանցելով Գերմանիան, հայտնվել է առաջին տեղում որպես Թուրքիայի գործընկեր։ Սակայն համաշխարհային տմտեսական ճգնաժամը կատարել է իր շտկումները՝ 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին ապրանքաշրջանառությունը նվազել է 51%-ով՝ կազմելով 6,7 մլրդ. դոլար։



























