Արգենտինայի հայ համայնքը նամակով դիմել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ խնդրելով միջամտել սիրիական հակամարտությանը:
Նամակում հայ համայնքը վստահություն է հայտնում, որ Պապի խոսքը կարող է խաղաղություն բերել Մերձավոր Արեւելքի հակամարտության գոտում եւ ապահովել փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր: Այս մասին տեղեկացնում է Agencia Prensa Armenia-ն:
Արգենտինայի հայերը նաեւ նախազգուշացնում են Սիրիայի քրիստոնեական փոքրամասնությունների համար ստեղծված ծանր իրավիճակի մասին՝ ուշադրություն հրավիրելով Քեսաբ քաղաքի եւ Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա հարձակումների ուղղությամբ:
Նման պայմաններում Արգենտինայի հայ համայնքը Հռոմի Պապին խնդրում է միջամտել՝ կրկին ապացուցելու համար, որ «տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր լեզվի եւ գաղափարների կրողներ կարող են ապրել ներդաշնակության եւ համերաշխության մթնոլորտում»:





























