Սունի գրոհայինները հայտարարել են, որ իրենք ամբողջական վերահսկողության տակ են առել Իրաքի ամենախոշոր նավթարդյունաբերական համալիրը: Բաղդադից 200 կմ հյուսիս գտնվող Բայջի քաղաքում մարտերը տեւել են 10 օր, սակայն մինչ այժմ Իրաքի բանակին հաջողվում էր հետ մղել ջիհադիստների հարձակումները: 

Բայջիի նավթարդյունաբերական գործարանը արտադրում է Իրաքի վառելիքի մեկ երրորդը, եւ ներկայիս մարտերն արդեն դարձել են երկրում բենզինի մատակարարման դադարների պատճառ, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ Բայջիում համալիրի գրավումը սունի ապստամբների գլխավոր խնդիրն էր, որոնց վառելիք է անհրաժեշտ գրավված տարածքները պահելու համար:

Ավելի վաղ Իրաքի բանակի հրամանատարությունը հաստատել էր, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» սունի գրոհայինները գրավել են նաեւ Սիրիայի սահմանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Թեալ-Աֆար քաղաքի ռազմական օդանավակայանը:

Վերջին երկու շաբաթներին սունի գրոհայինները վերահսկողության տակ են առել Բաղդադից հյուսիս եւ արեւմուտք ընկած զգալի տարածքներ եւ գրավել Սիրիայի եւ Հորդանանի սահմանի անցակետերը։