Շաբաթվա ընթացքում 41 երիտասարդներ Հայաստանից, Խորվատիայից, Վրաստանից, Իտալիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Իսպանիայից եւ Ուկրաինայից հունիսի 20-27-ին Աղվերանում մասնակցում են «Քայլ Առաջ» երիտասարդների միջազգային փոխանակման ծրագրին, որի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում հանդուրժողականությունը եւ օգնել նրանց կոտրել կարծրատիպերը՝ այլ ազգությունների եւ մշակույթների նկատմամբ։
«Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ ներկայացված երկրների մշակույթին եւ սովորույթներին, ինչպես նաեւ բացահայտել կարծրատիպերի ձեւավորման աղբյուրները», – նշել է պատասխանատու կազմակերպության նախագահ Աննա Պլուզյանն ու հավելել. «Բացի այդ մենք կցանկանայիք նաեւ խթանել հարգանքը այլ մշակույթների նկատմամբ»:
Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ միջմշակութային երկխոսության համար եւ այս կերպ բարձրացնել մասնակիցների ճանաչողականությունը եւ իրազեկությունը այլ մշակույթների վերաբերյալ։
Ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին ներկայացնել իրենց մշակույթը այլ երկրների երիտասարդներին, ինչպես նաեւ ճանաչել այլ մշակույթները եւ նրանց արժեքները։ Այս ծրագրի ընթացքում մասնակիցները կընդգրկվեն ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, կմասնակցեն զանազան քննարկումների եւ թիմային խաղերի, ինչը կօգնի նրանց լինել ավելի ինքնավստահ, թույլ կտա կոտրել կարծրատիպերը այլ մշակույթների վերաբերյալ եւ ստեղծել ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ։
Մասնակիցները նաեւ հնարավորություն կունենան այցելել Հայաստանի մշակութային վայրեր եւ մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին եւ արժեքներին։
«Քայլ Առաջ» երիտասարդների փոխանակման ծրագիրն կշարունակվի մինչեւ հունիսի 27-ը։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում եւ իրականացվում է Երիտասարդների փոխանակում եւ համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության միջոցով։
Սույն ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Սույն հրապարակումն արտահայտում է միայն հեղինակի տեսակետը եւ Եվրոպական Խորհուրդը չի կարող որեւէ կերպ պատասխանատվություն կրել հրապարակման բովանդակության համար:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 14։00-ին Հանրապետության հրապարակում ծրագրի մասնակիցները ներկայացնելու են flash mob։





























