Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օգտագործել Դոնբասի հրադադարը ռուսամետ ակտիվիստներին ավելի ուժեղացնելու եւ նոր տարածքներ զավթելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ «Դոնեցկում եւ Լուգանսկում առկա հակամարտությունը ջրի երկու կաթիլի պես նման է 1992-1993թթ. Աբխազիայի պատերազմին»:
«Այդ ժամանակ Շեւարնաձեն (Վրաստանի նախկին նախագահ՝ խմբ.) ստորագրել է հրադադարի երեք համաձայնութուն, եւ ամեն անգամ Ռուսաստանը օգտագործել է դրանք ուժերի վերախմբավորման եւ նոր տարածքներ զավթելու համար», - հիշեցրել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով, հայտարարելով հրադադարի մասին, Պուտինը միանգամից մի քանի նպատակ է հետապնդում, որոնցից գլխավորը Արեւմուտքի կողմից հատվածական պատժամիջոցներից խուսափումն է:
«Երկրորդը, ի դեմս Դոնեցկի ժողովրդական հանրապետության ավազակների, Պուտինին հաջողվել է նոր սուբյեկտներ ստեղծել, ինչը ապագայում հաջող կերպով կօգտագործվի՝ որպես Ուկրաինայի եւ ԴԺՀ-ի միջեւ հակամարտության, ոչ թե Ուկրաինայի եւ Ռուսաստանի հակամարտության վկայակոչում», - հայտարարել է Սահակաշվիլին:
Երրորդ խնդիրը, նախկին նախագահի խոսքով՝ «փորձել նվազեցնել ուկրաիանական կառավարության զգոնությունը, գաղտնի կերպով ուժեղացնել ավազակներին որոշիչ հարված հասցնելու եւ Դոնեցկից ու Լուգանսկից ուկրաինական զորքերի դուրս բերելու նպատակով»:
Սահակաշվիլին ուկրաինական կառավարություններին խորհուրդ է տվել վերլուծել բոլոր հնարավոր ռիսկերը:





























