19-րդ դարի վերջին Երեւանում կառուցված եւ պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում ընդգրկված Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը վերսկսվել է այսօր՝ հունիսի 24-ին, առավոտյան ժամը 7-ից։ Աֆրիկյանների տան մոտ հավաքված քաղաքացիական ակտիվիստները առավոտից ապարդյուն փորձում են խոչընդոտել ապամոնտաժումը (ֆոտոռեպորտաժ

«Առավոտից մեքենաներ են գալիս, որոնք դուրս են բերում քարերը։ Արդեն հաշիվը կորցրել ենք՝ քանի մեքենայով են քարերը դուրս բերել ու տարել անհայտ ուղղությամբ»,- NEWS.am-ին ասաց Իզաբելլա Խանզրաթյանը։

Նրա խոսքով՝ իրենք մի քանի ակտիվիստներով կանգնել են պարսպի առջեւ՝ փորձելով թույլ չտալ, որ հանեն մեքենաները, սակայն ոստիկանները նրանց ուժով հեռացրել են. «Եկան, մեզ քարշ տալով տարան»։

Քաղաքացիական ակտիվիստների կարծիքով՝ ապամոնտաժումը սկսել են վաղ առավոտյան, քանի որ լսել էին, որ այսօր ժամը 15։00-ին հուշարձանի պահպանության համար ն Աֆրիկյանների տան համերգ է տալու աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը, ինչը նոր թափ է հաղորդելու շարժմանը, եւ ցանկացել են արագացնել գործը։

Քիչ առաջ ակտիվիստները փորձել են պաստառներ փակցնել Աֆրիկյանների տան պարսպին եւ դիմացի շենքին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները կոպիտ կերպով պոկել են «Քարե դարի, քար ոստիկան, միացրեք ձեր գիտակցությունը», «Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Հասմիկ Պողոսյան, դուք պատասխանատու եք», «Չեք ներարկի իմ մեջ ձեր պատմությունը» գրությամբ պաստառները, որոնք ակտիվիստները փակցրել էին Աֆրիկյանների տան պարսպող թիթեղին եւ դիմացի շենքին։

Ոստիկանները պատճառաբանել են, որ պաստառներն աղտոտում են ուրիշի գույքը։ Ակտվիստներն այս պահին Աֆրիկյանների տան մոտ թմբուկներ են զարկում, որպեսզի հնարավորին շատ քաղաքացիներ տեղեկանան խնդրին։ Տերյան 11-ում նաեւ գրող-հրպարակախոս Մարինե Պետրոսյանը, երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանը, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։