ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպման հույս ունեն: Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերին կոչ են անում չդիմել հռետորաբանության եւ գործողությունների, որոնք կարող են բերել իրավիճակի սրման եւ վնասել խաղաղության գործընթացը»,- հայտարարել է Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների փաստը:

«Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Փարիզում հանդիպելու մասին առաջարկը»,- ասել է համանախագահը:

Նրա խոսքով, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի՝ «կառուցվածքայնացված բանակցությունների» մասին կոչը նույնպես կողմերի համար խաղաղության գործընթացում առաջընթացի հնարավորություն է:

Ուորլիքը նշել է նաեւ, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Սահմանագծին նման դիվերսիաներն արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորումը, որը մեր ընդհանուր նպատակն է, ինչը կարող է բարեկեցություն եւ անվտանգություն բերել այդ տարածաշրջանի բնակչությանը»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Եռանախագահների տարածաշրջանային հերթական այցի մասին հարցին Ուորլիքը պատասխանել է, որ անձամբ ինքն անհամբերությամբ է սպասում առաջիկայում բանակցությունների առաջարկության կա՛մ տարածաշրջանում, կա՛մ այլ վայրում: «Առայժմ մենք աշխատում ենք հերթական հանդիպումը ծրագրելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի համանախագահը: