Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 24-ին, ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստին ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց նշանակել նոր դատաքննություն՝ մի քանի փաստական տվյալներ պարզելու նպատակով։

«Միջնորդում եմ դատարանին նոր դատաքննություն նշանակել եւ դատահոգեբանական քննություն նշանակել Դավիթ Խաչատրյանի հանդեպ, քանի որ մեղադրյալը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ աֆեկտի վիճակում»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Մեղադրող Արթուր Զաքարյանը նշեց, որ տվյալ միջնորդությունը դատը հետաձգելու միտում, ունի, եւ բոլոր հանգամանքներն արդեն քննվել են։

Դատավոր Զոյա Զաքինյանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել մինչեւ խորհրդակցական սենյակում վերջնական դատավճիռ կայացնելը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ դեպքի վայրի լրացուցիչ զննություն իրականացնել եւ որոշ կարեւոր փատեր պարզել։ Մեղադրողը նշեց, որ պաշտպանը կարող էր այդ միջնորդությունն ավելի վաղ ներկայացնել, եւ ոչ թե դատական վիճաբանություների փուլում։ Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը եւ խնդրեց պաշտպանին կարդալ իր պաշտպանական ճառը։

Մինչեւ դատական  նիստի սկսվելը դատավոր Զոյա Զաքինյանը կարդաց «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից ստացված գրությունը, ըստ որի, մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի մոտ հայտնաբերվել է սուր գաստրիտ եւ նշանակվել է համապատասխան բուժում, որը շարունակվում է։

Նշենք, որ դատական նիստից առաջ Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը ինքնակամ լքեց նիստերի դահլիճը, որպեսզի միջադեպեր տեղի չունենան։

Դատական նիստն անցնում է Լյուքս Ստեփանյանի համագյուղացիներով եւ հարազատներով լի դահլիճում։ Դահլիճում մեծ թվով ոստիկաններ եւ դատական կարգադրիչներ կան։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: