Այն ամենի արդյունքում, ինչ ամերիկացիներն արեցին Իրաքում, ուժեղացավ Իրանը, եւ Թեհրանի միջուկային ծրագրի ընթացքը մասամբ պայմանավորված է այդ հանգամանքով: Այս մասին հունիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները բերում են տարածաշրջանում Թուրքիայի եւ Իրանի դերակատարման փոփոխությանը: «Իրաքում տեղի ունեցածի արդյունքում Անկարան նախ ուժեղացավ, սակայն հիմա Թուրքիայում լուրջ խնդիրներ են նկատվում, որոնք նույնպես կապված են տարածաշրջանում նրա տեղի հետ»,- նշեց Իսկանդարյանը: Իրանի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունները, նրա համոզմամբ, փոփոխության միտում ունեն: «Ես չեմ զարմանա, եթե մինչեւ տարեվերջ մենք այս կամ այն կերպ իրանցիների եւ ամերիկացիների միջեւ կապեր տեսնենք: Այդ լրջորեն կփոխի տարածաշրջանն ու մեզ»,- նշեց փորձագետը:

Բանախոսի կարծիքով, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի երազանքները Սիրիայում լիարժեք տապալվեցին: «Այն խնդիրները, որոնց Թուրքիան բախվում է Իրաքում եւ Սիրիայում, Անկարային վերադարձնում է այն իրադրությանը, որում նա գտնվում էր 1990-ականներին սկզբին, Խորհրդային միության անկումից հետո. Թուրքիան պատրաստվում էր դառնալ թյուրքական բոլոր պետությունների ավագ եղբայրը, բայց չստացվեց: Հիմա էլ Թուրքիան ցանկանում է կուլ տալ Մերձավոր Արեւելքը, որը նույնպես չի կարող»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը: