Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան, ով այժմ ազատազրկման մեջ է, մեկնաբանել է Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի կնքումը:
«Հայաստանի հետ գաղտնի տեղեկատվության համաձայնության օրինականացումը, մեղմ ասած, հիմարություն է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նման համաձայնություն ունի նաեւ Ռուսաստանի հետ: Հավանաբար, ինքներդ էլ կռահում եք, թե ինչու նման փաստաթուղթը մեզ չի գոհացնում: Մեզ Հայաստանի հետ գաղտնի ոչ մի տեղեկատվության փոխանակում հարկավոր չէ, թեեւ այդ հնարավոր է որոշակի չափաբաժնով, բարի դրացիական եւ ընկերական հարաբերությունների շրջանակում: Գործընկերային եւ անձնական հարաբերություններ Հայաստանի հետ. ահա այն ամենը, ինչ մեզ հարկավոր է անվտանգության ոլորտում, այլ ոչ թե համաձայնագիր»,- ասել է Ախալայան:
Բացի այդ, նախկին պաշտոնյան շոշափել է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը:
«Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման հարցը զգալի խնդիրների հետ է կապված: Այդ հարցը չպետք է դիտարկվի պաշտոնական հանդիպումների ընթացքում: Իշխանության փոփոխությունը ոչ ոք չպետք է ընդունի որպես այդ հարցի շուրջ քննարկումների վերսկսման ազդանշան»,- ասել է նախկին նախարարը:





























