Եգիպտոսում սկանդալ է հասունանում գիտական կեղծ ակադեմիայի շուրջ, որը, ինչպես պարզվել է, գրանցված է Ադրբեջանում: Haqqin.az-ը, հղում կատարելով եգիպտական ԶԼՄ-ներին, գրել է, որ այս տարվա մարտին արաբական այս երկրի լրատվական պարբերականները լուրեր տարածեցին եգիպտական զինվորական բժիշկների սենսացիոն հայտնագործության մասին, որոնք իբրեւ բացահայտել են ՁԻԱՀ-ի եւ հեպատիտ С-ի բուժումը:
Տեղեկատվության մեջ հաղորդվում էր, որ Complete Curing Device (CCD) տեխնոլոգիան այնքան բազմակողմանի է, որ կարող է մարդու օրգանիզմում վերացնել ՁԻԱՀ-ի եւ հեպատիտի վիրուսը՝ առանց որեւէ թերապիայի անցկացման: Հեղինակները պնդում էին, որ տեխնոլոգիան փորձարկման վերջին փուլում է եւ հուլիսի 1-ից պաշտոնապես թողարկվելու է:
Բնականաբար, նման սենսացիոն «բացահայտումները» վաղուց այլեւս չեն զարմացնում գիտական աշխարհին, եւ այս հայտնագործությունը ոչ ոքի կողմից լուրջ չի ընդունվել: Բայց մի հետաքրքիր բան է բացահայտվել. այս խաբեության հետքերն Ադրբեջան են տանում:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի մեկնաբան Բասսեմ Յուսիֆը գրում է, որ եգիպտական բժիշկների բացահայտման մասին տեղեկությունը հրապարակված է Ինժեներիայի եւ տեխնոլոգիայի համաշխարհային գիտական ակադեմիայի (World Academy of Science, Engineering and Technology-WASET) կայքում:
Չնայած իր պատկառելի անվանը, այս ակադեմիան զբաղված է միայն համաշխարհային հետազոտական առաջատար կենտրոնների հոդվածները տպագրելով եւ գիտական կեղծ համաժողովներ է անցկացնում: Յուրաքանչյուր ցանկացող կարող է այնտեղ ներկայացնել իր հոդվածը եւ հետո մասնակցել գիտական կոնֆերանսին՝ լրացուցիչ վճարելով 400 դոլար:
Ապացուցելու համար, որ WASET-ը խարդախ ցանց է, «Egypt İndependent» հրատարակչության լրագրողները Վիքիպեդիայի հոդվածներից հետազոտություն են պատրաստել եւ ուղարկել ակադեմիա: 24 ժամ անց ակադեմիայից պատասխան է ստացվել, որ աշխատանքն ընդունվել է եւ հեղինակները պետք է միայն 400 դոլար վճարի:
Haqqin.az-ի աշխատակիցներին հաջողվել է համացանցում կարճատեւ որոնումներից հետո պարզել, որ խարդախ WASET-ը գրանցված է Ադրբեջանում եւ նրան հաջողվել է ամբողջ աշխարհում մեծ թվով գիտնականների խաբել:





























