Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալների համաձայն, հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2,3%-ով ավելացել է՝ կազմելով 2,3 մլրդ դոլար։ Ընդ որում, աճի տեմպով արտահանումը 1,2 տոկոսային կետով գերազանցել է ներմուծմանը (103,2%՝ 102,0%-ի դիմաց)։
Հիշեցնենք, որ նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 9,2%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է 2,6%-ով։ Հասկանալի է, որ արտահանման համեմատաբար բարձր ցուցանիշը որոշակիորեն արտացոլվել է աճի տեմպի վրա։ Իսկ որո՞նք են արտահանման զարգացման միտումները առավել երկար ժամանակահատվածում։
Համեմատենք, օրինակ, ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների ցուցանիշները 2010թ. նույն ժամանակահատվածի տվյալների հետ։ Այդ հատվածում արտահանման ծավալը ավելացել է մոտ 1,6 անգամ, իսկ ներմուծումը՝ զգալիորեն քիչ՝ 1,2 անգամ։ Սակայն բազային ժամանակահատվածում ներմուծման ծավալը 3,9 անգամ գերազանցում էր արտահանման ծավալը։
Ուստի, չնայած արտահանման աճի արագ տեմպերին, նշված ժամանակահատվածում արտաքին առեւտրաշրջանառության մեջ բացասական հաշվեկշիռը 71 մլն դրամով կամ 6,8 %-ով ավելացել էր։ Նման պատկեր է դիտվում նաեւ երկարաժամկետ հետադարձ հայացքում։
Ստացվում է, որ արտաքին առւետրի ոլորտում պետական քաղաքականության կարեւորագույն նպատակներից մեկը այդպես էլ չի իրականցել։ Ընդ որում, աճող բացասական հաշվեկշռի հետ մեծանում է նաեւ ներմուծման համար անհրաժեշտ արտասահմանյան արժույթի նկատմամբ պահանջարկը (ավելի որոշակի՝ ԱՄՆ դոլարի), եւ ուժեղանում է երկրից ակտիվների արտահոսքը։
Արտահանման դիվերսիֆիկացման հետ կապված հաջորդ առանցքային խնդիրը եւս ավելի քան երկու տասնամյակի ընթացքում չի լուծվել։ Այսպես, առաջին քառամսյակի տվյալների համաձայն, արտահանման կառուցվածքում ներմուծման ծառավալով 37 խոշորագույն ապրանքների մասնաբաժինը տարեկան կտրվածքով ավելացել է 2,1 տոկոսային կետով՝ հասնելով 92,3 %-ի։ Նկատենք, որ բացի 37 «խոշորագույններից» ապրանքների անվանակարգումը (մաքսայինի քառանիշ ծածկագրով) հաշվվում է 100-ավոր անուն-ապրանքներ, որոնց եւ բաժին է ընկել արտահանման ծավալի ընդամենը 7,7%-ը։
Վերջին տարիների ընթացքում արտահանման կառուցվածքում որոշակի դրական տեղաշարժեր են տեղի ունեցել։ «Խոշորագույնների» ավանդական տեսակներին (հանքաքարի եւ խտանյութի տեսքով մետաղներ, կոնյակ եւ այլն) ավելացել են այնպիսի ապրանքներ, ինչպիսի են ծխախոտային արտադրանքը, ձուկը, ապակե տարաները, ինչպես նաեւ վիսկին։ Սեզոնից կախված՝ բուսաբուծական արտադրանք է արտահանվում (հիմնականում մրգեր, ինչպես նաեւ՝ կարտոֆիլ)։
Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ առանձին սննդամթերքների զանգվածային արտահանումը վնասում են տեղական սպառողների շահերին։ Մասնավորապես, տեղական շուկայում այդ ապրանքների առաջարկի կրճատումը հանգեցնում է դրանց մանրածախ գների աճին։
Սմբատ Գրիգորյան




























