Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթեւեկության բարելավման նպատակով հունիսի 25-ից Երեւան քաղաքի Կիեւյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունենալու երթեւեկության փոփոխություն։

Լենինգրադյան փողոցից Կիեւյան փողոց տանող ուղղությամբ, ներկայիս երեք երթեւեկելի գոտու փոխարեն, այսուհետ կգործի չորս երթեւեկելի գոտի` հետեւյալ թույլատրելի ուղղություններով.

- 1-ին կամ աջ եզրային երթեւեկելի գոտուց կթույլատրվի երթեւեկել ուղիղ` դեպի Կիեւյան փողոց կամ աջ` դեպի մարզահամերգային համալիր,

- 2-րդ երթեւեկելի գոտուց կթույլատրվի երթեւեկել ուղիղ` դեպի Կիեւյան փողոց,

- 3-րդ երթեւեկելի գոտուց կթույլատրվի երթեւեկել ուղիղ` դեպի Կիեւյան փողոց, կամ ձախ` դեպի Հալաբյան փողոց,

- 4-րդ երթեւեկելի գոտուց կթույլատրվի երթեւեկել ձախ` դեպի Հալաբյան փողոց։

Ծիծեռնակաբերդի խճուղով Լենինգրադյան փողոց ուղղության ժամանակ վերը նշված առաջին գոտի մուտք գործած տրանսպորտային միջոցների վարորդներին կարգելվի աջ թեւով վերադասավորվել այլ գոտի եւ ձախ շրջադարձ կատարել Հալաբյան փողոց։

Հալաբյան փողոց երթեւեկելիս անհրաժեշտ է նախապես տեղադրված ուղղությունների նախնական ցուցիչի պահանջներին հետեւելով` Ծիծեռնակաբերդի խճուղով երթեւեկել Շինարարների փողոց, այնուհետեւ Շինարարների փողոցի որեւէ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթեւեկել Հալաբյան փողոց։