ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հաստատել է, որ 2001թ. հունվարին պաշտոնը լքելիս իր ընտանիքը հսկայական պարտքեր էր կուտակել։
«Մենք իսկապես մի քանի մլն դոլարի պարտք ունեինք»,- հայտարարել է Քլինթոնը NBC հեռուստաալիքի հետ զրույցում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Երկու շաբաթ առաջ Հիլարի Քլինթոնը ABC հեռուստաալիքն պատմել էր, որ Սպիտակ տունը լքելիս, իրենք ամուսնու հետ ոչ միայն «զրոյի վրա» էին, այլեւ պարտքեր ունեին։ Այս արտահայտությամբ նա քննադատության տարափի է արժանացել ամերիկյան մամուլի կողմից։ Լրագրողները պնդել են, որ նախկին նախագահի ընտանիքի ֆինանսական դժվարությունները ոչ մի կերպ չեն համեմատվի այն խնդիրների հետ, որոնց բախվում են միլիոնավոր շարքային ամերիկացիներ։
Բիլ Քլինթոնը հերքել է այն պնդումները, որ իր կինը «կտրված է իրականությունից» եւ չգիտի, թե ինչ է նշանակում իսկական աղքատությունը։ Ըստ նախկին նախագահի՝ իր կինն ամբողջ կյանքում պայքարել է միջոցների անբավարարության դեմ, այդ թվում՝ Նյու Յորք նահանգից սենատորի պաշտոնում։





























