Չորեքշաբթի Լիբիայում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, որոնք խոստանում են դառնալ կարեւոր եւ բախտորոշ իրադարձություն՝ վերջին ամիսներին քաղաքական քաոսի եւ բռնության մեջ ընկղմված երկրի համար։
Լիբիացիները 1628 թեկնածուից ընտրելու են 200 պատգամավոր (այդ թվում՝ 32 կին)։ Լիբիայում ընտրելու իրավունք ունի 3,4 միլիոն մարդ, սակայն քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է ընդամենը 1,5 միլիոն մարդ։ Նախնական արդյունքները խոստանում են հրապարակել արդեն հունիսի 27-ին, իսկ պաշտոնականը՝ հուլիսի կեսերին։ Երկրի 1,6 հազար ընտրատեղամասերը կբացվեն տեղի ժամանակով առավոտյան ժամը ութին եւ կփակվեն երեկոյան ժամը ութին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Միաժամանակ ընտրական հանձնաժողովում մտավախություն ունեն, որ որոշ շրջաններում ընտրությունները կարող են տապալվել ռազմականացված միավորումների կողմից, որոնք չեն ցանկանում երկրում կենտրոնական ուժեղ իշխանություն ունենալ։
Լիբիայի ՆԳՆ-ին հանձնարարվել է զինվորականների հետ մշակել քվեարկության անվտանգության ապահովման ծրագիր, սակայն թույլ բանակի եւ ոստիկանության վրա այնքան էլ հույս դնելու չէ։





























