Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 24-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Արմեն Ավետիսյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից էր:
NEWS.am-ի հետ զրույցում Նորատուսի գյուղապետը պատմեց, որ Արմենի ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է գտնվում:
«Արմենը մեկ տարվա զինծառայող էր, դպրոցն ավարտելուն պես զորակոչվել էր: Իրենից փոքր քույր ու եղբայր ունի, ընտանիքն էլ անապահով է, սոցիալապես ծանր վիճակում են գտնվում, իսկ Արմենը շատ խելոք եւ աշխատող երեխա էր»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ Արմենը վերջին անգամ ընտանիքի հետ խոսել էր դեպքից մի քանի օր առաջ:
Այս պահին զոհված զինծառայողի հարազատները Երեւան են գալիս՝ դիակի հետեւից:
Հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 27-ին:
Նշենք, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:





























