ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման եւ հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին փոխանցվելու է 5 մլն 724 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
Հարցը քննարկվելու է հունիսի 26-ին կայանալիք կառավարության հերթական նիստի ժամանակ:
Առաջարկը ներկայացնելու է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի թիվ 192 որոշման համաձայն` հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողովներ ստեղծելու դեպքում հուղարկավորության հետ կապված ծախսերը, հանձնաժողովի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա, փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»,- ասվում է առաջարկի մեջ:
Հիշեցնենք, որ կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը մահացել էր ապրիլի 24-ին՝ Լոս Անջելեսում: Մեկ ամսից պետք է լրանար կոմպոզիտորի 86 ամյակը: Նրա հուղարկավորությունը տեղի էր ունեցել մայիսի 11-ին:





























