Աբխազիայի ԿԸՀ-ն գրանցել է առաջին նախաձեռնող խմբին, որն Աբխազիայի նախագահի պաշտոնում առաջադրել է պաշտպանության նախարար Միրաբ Կիշմարիուի թեկնածությունը:

Խմբերի եւ կուսակցությունների գրանցումը սկսվել է հունիսի 25-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 14-ը:

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 24-ին՝ հունիսի 1-ին ընդդիմության պահանջով նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի պատճառով:

Ըստ «Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածի՝ նախագահի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն արդարադատության նախարարության կողմից գրանցած քաղաքական կուսակցությունները: Հանրապետությունում այդպիսիք վեցն են:  Կուսակցությունը պետք է գրանցվի ԿԸՀ-ում եւ իրավունք ունի առաջադրել միայն մեկ թեկնածու, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Աբխազիայի օրենսդրության՝ խմբի կողմից թեկնածու առաջադրելիս անհրաժեշտ է առնվազն 10 մարդուց բաղկացած ընտրական նախաձեռնող խումբ ստեղծել: Ընտրական նախաձեռնող խումբը նույնպես գրանցվում է ԿԸՀ-ում:

Նախաձեռնող խմբի կողմից Աբխազիայի նախագահի թեկնածու առաջադրելու համար պահանջվում է, որպեսզի իր օգտին հավաքվի ընտրողների առնվազն 2 հազար, սակայն 2,5 հազարից ոչ ավելի  ստորագրություն: