Ֆուտբոլի աշխարհի առաջնության թեմայով բրիտանացի  հուշանվերներ պատրաստողը սխալմամբ Բարաք Օբամայի դիմանկարն է օգտագործել, փոխանցում է The Daily Mail-ը: ԱՄՆ-ի նախագահի պատկերը տպել են հուշանվեր-բաժակին՝ «Մանչեսթր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի պաշտպան Քրիս Սմոլինգի նկարի փոխարեն:

Հուշանվերները վաճառքի են հանվել Wholesale Clearance մեծածախ վաճառակետում: ԱՄՆ-ի նախագահի պատկերը հայտնվել է բաժակների մի ամբողջ խմբաքանակի վրա:

«Ֆուտբոլիստ» Օբամայի պատկերով երկու հազար միավոր բաժակների խմբաքանակը  առաջարկվել է գնել երկու հազար ֆունտով (3400 դոլար), փոխանցում է Lenta.ru-ն:

Զավեշտը բացահայտվելուց հետո արտադրող ընկերությունը կապվել է Wholesale Clearance-ի հետ՝ բաժակները շրջանառությունից հանելու ակնկալիքով:

Արտադրողը մեղքը բարդել է կրտսեր դիզայների վրա, որը Google-ով որոնել է ֆուտբոլիստի նկարը եւ անփութություն է թույլ տվել:

 «Նա եվրոպական ֆուտբոլից այնքան էլ չի հասկանում, ռեգբի է սիրում», — բացատրել են ընկերությունում: