Դաշնային խորհուրդը այսօր՝ հունիսի 25-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով չեղյալ է հայտարարել  Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ օգտագործման մասին որոշումը:

 «Կողմ» են քվեարկել 153 սենատոր, մեկը դեմ է արտահայտվել, ձեռնպահ չի եղել:

Ռուսաստանի նախագահի նամակը գերագույն պալատը նախօրեին էր ստացել: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ դա արվել է «Ուկրաինայի արեւելյան շրջաններում իրավիճակի կարգավորման նպատակով, ինչպես նաեւ պայմանավորված է տվյալ հարցի շուրջ եռակողմ բանակցությունների սկսմամբ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դաշնային խորհուրդը «Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերի օգտագործման մասին» որոշումը ընդունել էր այս տարվա մարտի մեկին՝ Կիեւի իշխանափոխությունից հետո: Ռուսաստանի ներկայացուցիչները մատնանշել են, որ որոշման ընդունումը դեռ չի նշանակում, որ ՌԴ-ն արդեն մտադիր է օգտագործել իր բանակը Ուկրաինայում: Որոշման ընդունից հետո, հանրաքվեի արդյունքներով Ղրիմը միացավ Ռուսաստանին, իսկ Կիեւը ռազմական գործողություն սկսեց երկրի հարավ-արեւելքում, որտեղ բնակիչները դեմ էին նոր իշխանություններին: