Հիրոսիմայի ողբերգությունը չպետք է կրկնվի: Այդ մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Երեւանում Հիրոսիմայի խաղաղության քար հուշաքարի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում Ճապոնիայի (նստավայրը Ռուսաստանում) լիազոր նախարար Տակասի Կուրայը:

«Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Կարծում եմ, որ այս հարափոփոխ աշխարհում Հայաստանն ու ճապոնիան պետք է համագործակցեն խաղաղության հարցերում», - նշեց դեսպանատան ներկայացուցիչը:

Նա հիշեցրեց, որ Ճապոնիայի կառավարությունը 2015թ. սկզբում պատրաստվում է դեսպանատուն բացել Հայաստանում: «Դա կնպաստի համագործակցության խորացմանը տնտեսական եւ մշակութային ոլորտներում», - փաստեց լիազոր նախարարը:

Իր հերթին, Հայաստան-Ճապոնիա բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները ակտիվորեն զարգանում են: «Հիրոսիմայի խաղաղության քարերը տեղադրված են աշխարհի ավելի քան 100 երկրներում, սակայն ես վստահ եմ, որ ոչ բոլոր վայրերում են լիովին գիտակցում խաղաղության գինը», - նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանը երբեք չի մոռանա Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնած Ճապոնիայի քայլը: