Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթ հուլիսի 3-ին չի ստորագրվի, եւ այն ընդհանրապես չի ստորագրվի: Այս մասին հունիսի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու  Անդրիաս Ղուկասյանը: Ըստ նրա՝  խիստ չափազանցված է այն առասպելը, թե Հայաստանի վրա ճնշում է գործադրել Ռուսաստանը: «Դա Սերժ Սարգսյանի եւ իշխող վերնախավի որոշումն էր. երբ հայտնի դարձավ, որ դոնորների կոնֆերանսը չի կայանա, կորավ ԵՄ-ի հետ ասոցացման իմաստը եւ պետք էր նոր հովանավորներ գտնել»,- կարծում է Ղուկասյանը:

Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչու չի ստորագրվի փաստաթուղթը, նա նշել է.  «Մենք տեսնում ենք, որ Բելառուսը եւ Ղազախստանը շատ ակտիվ հանդես են գալիս այս կառույցում Հայաստանի անդամակցության դեմ: Եթե հանենք «եվրասիական» բառը, ապա Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տնտեսական միությունն ստեղծվել է հին, հետխորհրդային արդյունաբերության պաշտպանության համար, Հայաստանն այդպիսի արդյունաբերություն չունի»: Քաղաքական գործիչը հավելել է, որ «երբեք գոյություն չի ունեցել ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ էլ որեւէ այլ գործոն՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար»: