Փառք Աստծո, որ գոնե ղարաբաղյան հարցում հակամարտող երկու բեւեռները՝ Ռուսաստանն ու տրանսատլանտյան միությունը, ակնհայտ տարաձայնություններ չունեն: Այս մասին հունիսի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Ըստ նրա՝ եթե զուգահեռներ տանենք Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի հետ, ապա պետք է հաշվի առնել, որ Ղարաբաղը այն բացառիկ դեպքն է, երբ ազատագրման ողջ գործընթացը հիմնված էր բացառապես Լեռնային Ղարաբաղի ազատագրման թեմայի վրա: «Երկրորդ, բոլոր դեպքերում ակնհայտ կերպով գործում էր Ռուսաստանի եւ տրանսատլանտյան միության միջեւ հակամարտությունը: Ղարաբաղյան հարցի դեպքում բեւեռները բացահայտ հակամարտության մեջ չեն, այլ իրականացվում է փոխանցումների քաղաքականություն, եթե խոսենք ֆուտբոլային եզրերով. սկզբում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բոլորին հայտնի թեման հայտարարում է քաղաքական բարձր մակարդակում, այսինքն՝ ԱՄՆ-ն այդպիսով փորձեց խախտել ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ լռությունը», - նշել է Անուշ Սեդրակյանը: Այնուհետեւ, ըստ նրա, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բառացիորեն կրկնում է ամերիկյան կողմի հրապարակած դրույթները, մենք պետք է հասկանայինք, որ գոնե ղարաբաղյան հարցը դուրս է մնում վերջին տարածքային հիմնախնդիրների ընդհանուր տրամաբանությունից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























