Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հաստատել է Լյուքս Ստեփանյանի մահվան գործի վերաբերյալ իր տեսակետը:
Հունիսի 25-ի մամուլի ասուլիսում Գեւորգ Կոստանյանը հաստատել է, որ գործի քննությունը հաջող է համարում, իսկ մեղադրանքը՝ հիմնավոր:
Նախկինում Գեւորգ Կոստանյանը զբաղեցնում էր զինվորական դատախազի պաշտոնը եւ անմիջականորեն զբաղվել էր այդ գործով:
Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ փորձաքննությունն ապացուցել է այն պնդումների անհիմն լինելը, թե ինքնաձիգի ձգանը թույլ էր եւ կարող էր պատահական կրակոցի պատճառ դառնալ:
Հիշեցնենք, ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:





























