Կրթության և գիտության նախարարությունը վարչապետի հանձնարարությամբ առաջարկությունների փաթեթ է մշակում, որով նախատեսվում է միավորել  ՀՊՃՀ-ն և ԵՊՃՇՀ-ն: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

«Հաշվի առնելով, որ երկու բուհերը հարևանությամբ են գտնվում, մենք առաջարկելու ենք ստեղծել ընդհանուր կրթական կառուցվածքներ՝ լաբորատորիաներ, մարզադաշտեր, գրադարաններ, նույնականացնել կրթական ծրագրերը, Պոլիտեխնիկին նույնպես շնորհել հիմնադրամի կարգավիճակ: Միավորումը կառավարության որոշում չէ, միավորումը բովանդակային գործընթաց է, և այն , ինչ նկարագրեցի, տարիների աշխատանք է  պահանջում: Կպսակվի դա վերջում ֆորմալ միավորմամբ, կտեսնենք, չի պսակվի, ապա թույլ կտա երկու բուհերում սինխրոնիզացնել կրթական բովանդակությունը, ստեղծել ընդհանուր, ժամանակակից ենթակառուցվածքներ և պոլիտեխնիկին տալ առավել ժամանակակից գործիքներ՝ գիտելիքի առևտրայնացման տեսակետից»,-ասաց նախարարը՝ նշելով, որ միավորումը համալսարաններից ոչ մեկում կրքեր չի բորբոքել:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ վաղ թե ուշ Հայաստանում բոլոր բուհերը խոշորանալու են՝ անկախ այն բանից, թե ով որ բուհի ռեկտորն է կամ ամբիոնի վարիչը: «Բուհերը ստեղծված չեն տվյալ մարդկանց համար, ինչպես նախարարությունը ստեղծված չի նախարարի համար: Պաշտոնյաների գոյության իմաստը համակարգի սպասարկումն է, ոչ թե իրենց սեփական գոյությունը այդ պաշտոնում»,-ասաց նախարարը:

Նշենք,  որ  ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի միավորումը իրարանցում է առաջացրել երկու բուհերում: ԵՊՃՇՀ կոլեկտիվը բաց նամակ էր հղել նախարարին՝ նշելով, որ իրենք դեմ են Պոլիտեխնիկի հետ միավորմանը: