Մեկ ամսից ավելի ադրբեջանական գերության մեջ գտնվելուց հետո հայրենիք վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի մարմնի վրա բշտիկներ են եղել, որոնք ըստ բժիշկների՝ սթրեսի հետեւանք են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան:

«Բժիշկներն ասել են, որ լավ է, անալիզներ է հանձնել, որոնց պատասխանները մի քանի օրից կվերցնենք: Ուղղակի տղայիս մաշկի վրա բշտիկներ էին եղել, ասում են՝ սթրեսի հետեւանք է, մի երկու դեղ են նշանակել, որ օգտագործի: Ինչ վերաբերվում է նրան, որ բերանն ուռչում է, բժիշկները հայտնել են, որ այտուցված չէ, ուղղակի տաքությունից է էդպես եղել, վտանգավոր բան չկա: Բուժզննումից հետո վերադարձել է Սեւան, որտեղ աշխատում է»,- ասաց նա:

Նշենք, որ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։