Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն ամեն օր ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատում է իրականացնում՝ օգտագործելով 150 սեյսմիկ կայանների տվյալները:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՍՊԱԾ ղեկավար Հրաչյա Պետրոսյանը, ամենօրյա հերթապահություն են սահմանել. «Աշխատանքը մշտապես ընթացքի մեջ է: Բացի այդ, մենք  հետեւում ենք ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի սեյսմիկ ակտիվությանը»:

Նրա խոսքով՝ այս պահին անոմալ երեւույթներ չեն նկատվում, որոնք կարող են անհանգստացնել: «Չկան նախանշաններ, ինչպես որ Սպիտակի 1988թ.-ի երկրաշարժից առաջ, ինչպես նաեւ 1992թ.-ի Մարտունու երկրաշարժից առաջ: Մենք շարունակում ենք հետեւել եւ մեր պարտավորությունն է լուրջ վտանգի դեպքում տեղեկացնել Նախարարությանը»,- նշել է Հրաչյա Պետրոսյանը:

«Տա Աստված, որ նման բան տեղի չունենա, սակայն մենք ապրում ենք սեյսմիկ անկայուն տարածաշրջանում: Հայաստանում երկրաշարժեր եղել են ու կարող են լինել: Սա մեր հողն է, մեր հայրենիքը, սակայն պետք է այնպես անել, որպեսզի երկրաշարժերը տարերային աղետի չվերածվեն, ինչպես որ Սպիտակի դեպքում: Մենք չենք կարող կանխել դրանք, սակայն կարող ենք եւ պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի  հաջորդ հուժկու երկրաշարժը չվերածվի տարերային աղետի»,- նշել է ծառայության ղեկավարն ու հավելել, որ Սպիտակի դեպքում մարդկային եւ ֆինանսական կորուստները չեն համապատասխանում սեյսմիկ միջադեպի ուժին. «Ահա թե որն է մեր խնդիրն ու ինչի շուրջ է պետք աշխատել: 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր տեղի են ունենում սեյսմիկ անկայուն բոլոր շրջաններում, սակայն նման կորուստներ ոչ մի տեղ չկան»: