Սիրիական Իդլեբ նահանգի Խան Շեյխուն շրջանում սիրիական բանակի եւ ահաբեկիչների միջեւ ռազմական գործողությունների հետեւանքով հայ զինծառայող է զոհվել՝ 1986թ. ծնված Սեւակ Էոլմեսեկյանը: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ զինծառայողը մահացել է մայիսի 25-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Սեւակ Էոլմեսեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 27-ին Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում:

Հիշեցնենք, որ արյունալի իրադարձություններից առաջ Սիրիայում մոտ 60-70 հազար հայ էր ապրում: Ավելի քան կեսը ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը սփռված էր Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Խասակ, Յակուբի, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում: