Հոգեբանական գիտական ամսագրում հրապարակվել է կանադացի գիտնականների հետազոտությունը, որն ապացուցում է, որ արագ սնունդն ամենից անսպասելի եղանակներով ազդում է մարդկանց կյանքի վրա:

Եթե անգամ մարդը երբեք համբուրգեր եւ կարտոֆիլի ֆրի չի ուտում կամ տուն պիցցա չի պատվիրում, այլ պարզապես ապրում է սննդի նման կետերի հարեւանությամբ, կյանքը վայելելու նրա ունակությունը նվազում է:

Kedem-ի փոխանցմամբ, Տորոնտոյի համալսարանը (Կանադա) մի քանի հարյուր ամերիկացիների շրջանում հարցում է անցկացրել առօրյա իրերի գեղեցկությունը նկատելու ունակության վերաբերյալ. ամպեր, ծաղիկներ, անձրեւի կաթիլներ: Պատասխանները տեսակավորելով ըստ հարցման մասնակիցների բնակության հասցեի՝ հետազոտողները պարզել են, որ մեծ թվով արագ սննդի կետեր ունեցող թաղամասերում ապրող մարդիկ հակված չեն նկատել կյանքի փոքրիկ ուրախությունները:

Նրանք, ովքեր ունակ են գեղեցկություն տեսնել սովորական բաներում, որպես կանոն, ապրում են հանգիստ թաղամասերում կամ քաղաքի կենտրոնում, որտեղ ավելի շատ ռեստորաններ եւ թանկ խանութներ են, քան արագ սննդի կետեր:

Գիտնականների կարծիքով, արագ սննդի հարեւանությունն ինչ-որ ձեւով մարդկանց ավելի անհամբեր է դարձնում եւ նվազեցնում է նրանց զգայունությունը: