Ադրբեջանում մոտ մեկ ամիս գերության մեջ մնացած, ապա գերությունից ազատված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մահվան դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են: Նրա մեզի փորձանմուշների մեջ հայտնաբերվել է նավթամթերք եւ հոգեմետ դեղամիջոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը մահացել էր մայիսի 20-ին, հիվանդանոցից դուրս էր գրել ապրիլի 3-ին, որտեղ բուժվել էր շուրջ մեկ ամիս: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել էր Հայաստանին: Նախնական զննությամբ պարզվել էր, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում էին, որ նրան գերության մեջ խոշտանգել են։





























