Շվեյցարիայում Բեռնի հայտնի կենդանաբանական այգու աշխատակիցների շուրջ խոշոր սկանդալ է հասունանում: Երկրի քաղաքացիների եւ զբոսաշրջիկների շրջանում հայտնի այգու ներկայացուցիչները որոշել են ներարկման միջոցով սպանել առողջ գորշ արջուկին: Independent-ի փոխանցմամբ, ձագուկը «մեղավոր» էր միայն նրանում, որ սեփական հայրը չէր սիրում իրեն:
Coub Four (Ձագուկ 4) անունով գորշ արջուկի ողբերգական ճակատագիրն արժանի է էկրանավորման: Նրան սպանել են միայն այն պատճառով, որ փոքրիկի հայրը՝ Միշա արջը, սկսել է որդու հանդեպ անհիմն ագրեսիա դրսեւորել: Ավելին, փոքրիկի մայրն էլ դադարել է պաշտպանել նրան:
Նրանց համար, ովքեր կենդանաբանության մեջ խորը գիտելիքներ չունեն, հնարավոր է, այս սյուժեն աբսուրդի նման հնչի, սակայն այդ նորմալ վարքագիծ է վայրի արջերի համար: Ձագուկի ծննդից անմիջապես հետո մայր արջը ձգտում է փոքրիկին հնարավորինս հեռու տանել հորից, որն անխուսափելիորեն սկսելու է ձագուկի հանդեպ ագրեսիա դրսեւորել:
Սակայն Բեռնի կենդանաբանական այգու աշխատակիցները հրաժարվել են բաժանել արջերի «համերաշխ» ընտանիքը: Նրանց խոսքով, այդ կարող էր խախտել անտառային գիշատիչների «վարքագծային մոդելը»: Vesti.ru-ի փոխանցմամբ, այս հայտարարությունը տարօրինակ է հնչում՝ հաշվի առնելով, որ վայրի բնության մեջ արջերի ընտանիքները ժառանգի հայտնվելուց անմիջապես հետո քանդվում են:
Ինչ էլ լինի, այգու աշխատակիցները որոշել են ոչ միայն սպանել Ձագուկ 4-ին, այլեւ նրան ուսումնական ձեռնարկի վերածել: Շուտով արջուկի մարմնից խրտվիլակ են պատրաստելու եւ հանելու են ցուցադրության: Ցուցանմուշի կողքին ցուցանակ է դրվելու, որի վրա մանրամասն նկարագրվելու է փոքրիկ արջուկի ճակատագիրը:
«Հնարավոր է՝ այդ դաժան է, բայց այդպիսին է բնությունը: Մենք ցանկանում ենք ցուցադրել, որ նման սարսափելի սյուժեները միանգամայն բնական են կենդանական աշխարհի համար: Պետք չէ ձեւացնել, թե կենդանիներն ապրում են՝ ինչպես հեքիաթում: Երեխաները պետք է իմանան ճշմարտությունը»,- ասված է կենդանաբանական այգու ուղերձում:
Հավանաբար, կենդանասերներին մխիթարելու համար Բեռնի կենդանաբանական այգու ներկայացուցիչները որոշել են ամլացնել արջուկի հորը՝ Միշա արջին, ով իր երեխային գերեզման է իջեցրել: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները վրդովված են «այգու աշխատակիցների ցուցադրած սառնասրտության եւ վայրենության առիթով»:





























