Հունիսի 25-ին Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան եւ Լուսակն համայնքներում մոտ 30 րոպե տեղացած կարկուտը վնասել է 300 հա հացահատիկի, բանջարբոստանային կուլտուրաների եւ պտղատու այգիների տարածք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը։
«Այսօր ժամը 9:00-ից եղել եմ այդ համայնքներում նախագահի եւ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի հետ։ Տեղում ծանոթացել ենք վիճակին, որպեսզի տեսնենք՝ ինչ ենք անելու»,- ասաց Սարգիս Սահակյանը։
Նրա խոսքով՝ կարկուտի հասցրած վնասը բավական մեծ է, գյուղացիներն էլ՝ հուսահատ. «Մարդիկ նեղված են, որ իրենց ամբողջ տարվա ապրուստը եղել է դա, այն էլ հաշված րոպեներում կարկուտը ոչնչացրել է»։
Մարզպետը նշեց, որ գյուղացիների բոլոր առաջարկները իրենք ներկայացրել են Կառավարություն, այդ առաջարկները այնտեղ քննարկելուց հետո լուծումները կներկայացնեն գյուղացիներին։
Հիշեցնենք, որ կարկուտից վնասված երեք գյուղերի՝ Արտենիի, Արագածավանի եւ Լուսակնի հուսահատ բնակիչներն այսօր փակել էին Արմավիր-Երեւան ճանապարհը, որը բացել էին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ զրուցելուց հետո։ Մարզպետը խոստացել էր երեք օրում խորհրդակցել, գյուղացիներին առաջարկել փոխհատուցման պայմաններ։




























