Երեւանի 536 հասցեներում նախկինում կառուցված հանրային նշանակության շենքերում թեքահարթակներ կկառուցվի: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը:

Նրա ոխսքով՝ նշված բոլոր կառույցներին Երեւանի քաղաքապետարանի կողմից անվճար տրամադրվել են համապատասխան նախագծերը: Ավելին, նշված հասցեներից 171-ում արդեն իսկ իրականացվել են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Քաղաքապետի օգնականը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ թեքահարթակների կառուցման ընթացքի նկատմամբ հսկողությունը ամենօրյա է, ընդ որում՝ այդ հարցում իրենց ակտիվ եւ գործուն մասնակցությունն են ունենում նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հատկանշական է, որ նման աշխատակարգը հաջողությամբ իրականացվում է 2013թ.-ից սկսած, երբ համայնքային բյուջեից առաջին անգամ գումար տրամադրվեց մայրաքաղաքի փողոցները թեքահարթակներով ապահովելու նպատակով:

Նույն սկզբունքով 2014 թվականին  արդեն կրկնապատկված գումարով նախապես հաստատվել են այն շուրջ 200 առաջնային հասցեները, որտեղ 40 մլն դրամի սահմանում հնարավոր է թեքահարթակների կառուցումը: Ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի ամբողջ տարածքը: Ըստ այդմ, Կենտրոն, Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ վարչական շրջաններում արդեն իսկ կառուցվել է 76 թեքահարթակ, որոնք  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ստուգայցերի արդյունքում  ստացել են դրական գնահատական:

Հիշեցնենք նաեւ, որ «Հարմարավետ քաղաք բոլորի համար» սկզբունքով վերը նշված եւ մի շարք այլ ծրագրերին զուգահեռ, 2014 թվականին շահագործման կհանձնվի սայլակով տեղաշարժվող հաշմանդամների համար հատուկ վերելակներով կահավորված 10 ավտոբուս: