«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված երեկույթի արդյունքում արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո Գագիկ Գրիգորյանը չի նշանակվել այդ պաշտոնին, ինչպես թյուրիմացաբար նշել են էլեկտրոնային որոշ կայքեր: Այս մասին նշված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է
«Մեկ անգամ հարկ ենք համարում պարզաբանել, որ Կառավարության 2003 թ. մարտի 7-ի թիվ 312-Ն որոշման համաձայն, ղեկավարվելով ՊՈԱԿ-ի մասին օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, պետական կազմակերպությունը / եւ ոչ թե ՀՀ մշակույթի նախարարությունը, ինչպես նշվում է մամուլում/ իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության Պայմանագրի կողմ են հանդիսանում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը եւ դիմումատուն:
Միջոցառման հսկողությունը, մասնաճյուղի կանոնադրության համաձայն, իրականացվում է մասնաճյուղի վարիչի կողմից: Տվյալ դեպքում, հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված միջոցառման պատշաճ հսկողություն չի իրականացվել:
Արդյունքում ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի կանոնադրության համաձայն եւ ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով մասնաճյուղի վարիչի պարտականությունները դրվել են արգելոց-թանգարանի շահագործման եւ պահպանման բաժնի վարիչ Գագիկ Գրիգորյանի վրա: Վերջինս չի նշանակվել արգելոց-թանգարանի վարիչի պաշտոնին, ինչպես թյուրիմացաբար նշել են էլեկտրոնային որոշ կայքեր:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով մասնաճյուղի նոր վարիչ կնշանակվի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում»:
Ավելի վաղ «Չորորդ իշխանություն» թերթը գրել էր, որ օրերս Զվարթնոցում տեղի ունեցած խնջույքի շուրջ բարձրացված աղմուկի արդյունքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով աշխատանքից ազատվել էր մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը: «Մենք նույնիսկ զարմանք հայտնեցինք, թե ինչու աշխատանքից չի ազատվել այդ խնջույքի իրական կազմակերպիչ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Եվ ահա երեկ Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է Վարդան Գրիգորյանի որդին՝ Գագիկ Գրիգորյանը»:





























