Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի բնակչուհին դատական հայց է ներկայացրել սթրիփ-ակումբի մենեջերների դեմ, ովքեր նրան թույլ չեն տվել ներս մտնել, քանի որ արական սեռի ուղեկցող չի ունեցել: NBC Los Angeles-ի փոխանցմամբ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող 54-ամյա կինը հաստատության աշխատակիցներին մեղադրել է սեռական խտրականության համար:
Մուտքի մոտ մենեջերը (նրա անունը չի հստակեցվում) Թամարա Յատկինին թույլ չի տվել այցելել շոուն դիտելու՝ իմանալով, որ նա ուղեկից չունի: Նա արգելքը բացատրել է հաստատության քաղաքականությամբ: Տղամարդու խոսքով, ավելի վաղ ակումբ այցելած միայնակ կանայք հաճախ են «խնդիրներ ստեղծել»: Ընդ որում, մենեջերին չեն համոզել նաեւ Յատկինի հավաստիացումները, թե ինքը մտադիր չէ որեւէ մեկին անհանգստացնել եւ եկել է ընդամենը հանգստանալու, փող ծախսելու եւ պարուհիներին դիտելու համար: Յատկինը ստիպված է եղել հեռանալ հաստատությունից, սակայն կինը կատարվածն անարդար է համարել:
Սկզբում Յատկինը փորձել է կապ հաստատել Paradise Showgirls-ի ղեկավարության հետ, սակայն աշխատակիցներն անընդհատ տեղեկացրել են, որ կառավարիչներին չի կարելի անհանգստացնել: Այնուհետեւ նա բողոք է ներկայացրել աշխատանքի տեղական դեպարտամենտ: Նրա դժգոհությունը պաշտոնյաներն անուշադրության են մատնել: Վերջապես, ամերիկուհին հաստատության դեմ դատական հայց է ներկայացրել: Նա նշել է, որ խտրականության է ենթարկվել իր սեռի, ինչպես նաեւ սեռական կողմնորոշման պատճառով: Հայտնի չէ, թե որքան փոխհատուցում է ակնկալում ամերիկուհին:





























