Զվարթնոցի եւ Գառնու տաճարներում տեղ գտած երեւույթները ազգային ինքնագիտակցության բացակայության դրսեւորումներ են, հունիսի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Ըստ նրա՝ կատարվածը միայն ի ցույց է դնում, որ հանրության մեջ ոչ միայն մշակութային, այլեւ ազգային եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարակության ցածր մակարդակ է դիտվում: Եվ իրավիճակը փոխելու ու նման դեպքերն ապագայում կանխելու համար պետք է առաջին հերթին ներգրավվի ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը:
«Մենք կարող ենք ամեն եկեղեցու, տաճարի եւ հուշարձանի կողքին պահակ նշանակել, սակայն դա չի փոխի իրավիճակը, մինչեւ մարդիկ չսկսեն սիրել իրենց հայրենիքը»,- նկատել է հուշարձանագետը:
Ինչ վերաբերում է կատարվածի առթիվ հանրության դժգոհությանը, ապա, ըստ Կարապետյանի, որտեղ պատահի սիգարետի մնացորդ նետող երիտասարդները քննադատելու իրավունք չունեն:
Հիշեցնենք, Զվարթնոցի տաճարի տարածքում հունիսի 14-ին հայ եւ ռուս գործարարների մասնակցությամբ խնջույք էր կայացել: «Հաստատությունը» վարձակալել էր «Կեմպ վենչուրս» ընկերությունը: Սակայն, ըստ մամուլի, կազմակերպիչը եղել է «Տրոյկա դիալոգ» ընկերությունը: Ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի՝ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս վճարովի հիմունքներով պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումների անցկացումը: Հուշարձանի վարձակալման վճարը մեկ օրվա համար կազմում է 200-ից 700 հազար դրամ:
Հունիսի 18-ն էլ ՀՀ ԿԲ-ն Գառնու հեթանոսական տաճարի տարածքում էր խնջույք կազմակերպել՝ այն վարձակալելով 1 մլն դրամով:





























