Աֆրիկյանների տունն այլեւս հնարավոր չէ փրկել: Այսպիսի կարծիք է հայտնել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը այսօրվա՝ հունիսի 27-ի մամուլի ասուլիսին: Նրա խոսքով՝ այսօր հայ հասարակությունը մի քանի տասնյակ տարի առաջ գործած սխալների պտուղներն է քաղում: Մասնավորապես Կարապետյանն ասաց՝ «այսօրվա մշակութային հուշարձանների վճիռը այն ժամանակ է կայացվել, երբ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով հին Երեւանի վրա կառուցեցին նորը»:

Հուշարձանագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում պահպանվել է հին մայրաքաղաքի տարածքի եւ ճարտարապետության մի մասը: Իսկ Երեւանից ոչինչ չի մնացել, բացառությամբ առանձին շենքերի եւ հուշարձանների: «Եվ այսօր շատ դժվար է դրանց պահպանել, քանի որ Երեւանը օրեցօր զարգանում է, կառուցվում են նոր շենքեր, քանդվում հները՝ սա բնական գործընթաց է եւ անհնար է դիմագրավել դրան», - նշեց Կարապետյանը:

Այդուհանդերձ, մասնագետը հույս հայտնեց, որ պատրաստվող «Հին Երեւան» նախագծի շրջանակներում, ինչը ենթադրում է մայրաքաղաքաի հասարակական-ճարտարապետական կոլորիտի վերստեղծում, այնուամենայնիվ կհաջողվի պահպանել Աֆրիկյանների տունը եւ «քաղաքի երբեմնի պատմության մնացորդները»: