Տավուշի մարզի Ա8ծվաբերդ գյուղի մոտ այսօր՝ հունիսի 27-ին, տեղի ունեցած ավտովթարից զոհված Մեհրաբի զորամասի բուժքույրը՝ 64-ամյա Արեւիկ Բաբասյանը, Արծվաբերդի բնակչուհի էր, ամուսնացած չէր, ապրում էր միայնակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանը:

«Զինվորական մեքենան բախվել է իր դիրքով ճանապարհից ցածր գտնվող առանձնատանը, լավ է՝ այդ պահին տանը մարդ չի եղել: Տունն ամբողջությամբ այրվել է: Չնայած հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում, բայց առաջին հարկն էլ է վառվել, տնից բան չի մնացել: Իսկ ուղեւորներից Արեւիկ Բաբասյանն էլ մահացել է: Նա բուժքույր էր, մեր համագյուղացին, ամուսնացած չէր, ապրում էր միայնակ»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե Արեւիկ Բաբասյանը վթարից է մահացել, թե հրդեհից:

Նշենք, որ ավտովթարից տուժել են նաեւ ժամկետային զինծառայող Ալիկ Հարությունյանն ու զորամասի բուժկենտրոնի պետ Արման Բեջանյանը, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան 10:00-ի սահմաններում Բերդ քաղաքից Մեհրաբի զորամաս մեկնող զինվորական «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան Արծվաբերդ գյուղում վթարի էր ենթարկվել, հրդեհ էր բռնկվել: