Վրաստանում ՀՀ դեսպան, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու համար մեղադրվող Դավիթ Վարդանյանն օրերս կալանավայրում թունավորվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Վարդանյանի փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:
«Ինչպե՞ս պետք է լինի նստած մարդու վիճակը, այնքան էլ լավ չէ Դավիթի առողջական վիճակը: Վերջերս թունավորվել էր, փորը թուլացել էր, դե ամռանը նման բաներ լինում են: Բժիշկները օգնություն ցուցաբերեցին, հիմա արդեն լավ է»,- ասաց նա:
Մեր հարցին՝ արդյոք Յուրի Վարդանյանի որդուն «Դատապարտյալների հիվանդանոց» էին տեղափոխել՝ փաստաբանաը պատասխանեց՝ ոչ: Թե ինչ նորություն կա ընթացող դատավարությունից, Վահան Հայրապետյանը նշեց, որ հուլիսի 3-ին նիստ կա նշանակված, իսկ այլ նորություններ չկան:
Նշենք, որ հենց առաջին դատական նիստի ժամանակ՝ փետրվարի 17-ին, Դավիթ Վարդանյանը խոստովանել էր, որ ինքը ոչ թե Իրանում է գնել թմրամիջոցը, այլ Ագարակի գազալցակայանում կայանած իրանցիներից, ուր գնացել էր ծխախոտ գնելու։
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ 2013թ. հոկտեմբերի 15-ին քրեական գործ է հարուցվել Իրանից առանց իրացնելու նպատակով թմրանյութ ձեռք բերելու եւ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու փորձի համար։ Նա կալանավորվել էր եւ տեղափոխվել «Երեւան կենտրոն» ՔԿՀ:




























