«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերն արդեն «Արցախբանկի» հետ ընդհանուր եզրեր են գտել. բնակարանատերերը կամ մեկ քառակուսի մետրի համար 50 կամ 150 ԱՄՆ դոլար պետք է ավելացնեն, կամ էլ բնակարանի գումարը հետ վերցնեն՝ որոշակի տոկոս թողնելով բանկին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաբված բնակարանատերերից երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը
«Մենք «Արցախբանկի» հետ արդեն հարցի լուծումը գտել ենք: Մնում է մի քանի հանդիպումներ էլ անցկացնել: Բնակիչներ կան, որոնց ստորագրությունն է պետք, նրանց մի մասը հանրապետությունում չի, սպասում ենք, որ նրանց էլ գտնենք, որոշենք նրանց համաձայնությունը կա, թե ոչ: Կամ պետք է գումար ավելացնել, կամ բնակարանի գումարը հետ վերցնել՝ տոկոսներ պահելով: Կոնկրետ մեր շենքի դեպքում պետք է քառակուսի մետրի համար 150 դոլար ավելացնենք, իսկ մյուս շենքին՝ 50 դոլար»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք «Տոնուսի» սեփականատեր Աշոտ Տոնոյանի մահը կարող է ինչ-որ կերպ ազդել այս գործընթացների վրա՝ երգիչը պատասխանեց. «Նախ եւ առաջ «Տոնուսն» իր անունով չէր, փոխել էր, եւ պատասխանատուն ինքը չէր: Բայց չպետք է մոռանալ, որ Տոնոյանը ոչ դատարան էր գալիս, ոչ էլ խառնվում էր: Հույս ունենք, որ լուծում կստանա, որովհետեւ 300 բնակչի արհամարհելն ու հետո գումարը չտալը հնարավոր չէ, ոչ մի երկրում նման բան չկա»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:




























