Հանրային խորհրդում այսօր քննարկվել է Երեւանում պատմամշակութային ժառանգություն Աֆրիկյանների տան հարցը, որի ընթացքում խորհուրդը գտել է, որ այն, ինչ արվել է Աֆրիկյանների տան հետ, անօրինական է:

Քննարկմանը մասնակցեց նաեւ Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պաշտպանության գործակալության Երեւանի տարածքի բաժնի պետ Կարո Այվազյանը, ով ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի հետ շուրջ մեկ տարվա բանակցությունների արդյունքում եկել են համաձայնության, ըստ որի 14 շենքեր, որոնք մշակութային հուշարձան են, սակայն տարածքները վաճառված են, ընդգրկվել են հուշարձանների տեղափոխման ցանկում:

«Տարածքի սեփականատերը «Միլենիում Կոնտրակշեն» ընկերությունն է, որի հետ նախարարությունը մի շարք հարցեր է քննարկել: Մասնավորապես, որպեսզի կառույցը չտեղափոխվի, ներկայացվել է մի քանի նախագիծ, սակայն սեփականատերը հրաժարվել է: Կա կառավարության թույլտվություն եւ ապամոնտաժման գործընթացը սկսվել է ըստ կարգի: Ըստ նրա՝ նախ չափագրվել է, հետո ուսումնասիրվել եւ արժեւորվել է կառույցը: Ապամոնտաժման նախագիծ է ներկայացվել, որը հաստատվել է, իսկ ապամոնտաժման թույլտվությունը տվել է Երեւանի քաղաքապետարանը»,-ասաց նա:

Վերջինս նաեւ վստահեցրեց, որ նախարարությունից վերահսկման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի քարերը չվնասվեն. «Չկա ապամոնտաժված քար, որը չի կարող չօգտագործել: Բոլոր քարերն օգտագործելի են, կան վնասված քարեր, որոնց անկյունային հատվածները գուցե ջարդված են, սակայն դրանք նույնպես կարելի է օգտագործել»:

Կարո Այվազյանը նաեւ տեղեկացրեց, որ կառույցը ներառվելու է մշակույթի նախարարությունից հաստատված «Հին Երեւան» նախագծում: