Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հունիսի 25-26-ը տեղի է ունեցել Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմի INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե վարժանքին մասնակցել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության 47 փրկարար ծառայողներից կազմված թիմը: Այն ստեղծվել է ՀՀ ԱԻՆ եւ Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում: Թիմին տրամադրվել է INSARAG-ի որակավորում ստանալու համար անհրաժեշտ գույք, կազմակերպվել են համապատասխան դասընթացներ:

Վարժանքի ընդհանուր տեւողությունը կազմել է 36 ժամ, որի ամբողջ ընթացքում տարվել են անընդհատ որոնողափրկարարական աշխատանքներ:

Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից, որպես դիտորդ, մասնակցել են Հարավային Կովկասի ՇՀԳ հումանիտար ծրագրերի ղեկավար Մարտինա Ռամմինգը, ՇՀԳ ազգային ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը, «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի համակարգող Անտոն Բիլանգը եւ նույն ծրագրի փորձագետ Վիլլա Ստեֆանոն: Ուսումնավարժության ղեկավար էր նշանակվել ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ.Եմիշյանը:

Վարժանքին ներկա են գտնվել նաեւ ՀՀ Շիրակի մարզպետը եւ Գյումրու քաղաքապետը:

Շվեյցարական կողմը բարձր գնահատեց վարժաքի կազմակերպվածությունը, ողջ ընթացքը եւ այն համարեց հաջողված: