«Քրեական գործ հարուցվել է փաստի առթիվ, ոչ թե նրա դեմ, եւ սա չի նշանակում, որ նա մեղադրյալ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ պատասխանելով, հարցին, թե Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործից հետո նա պաշտոնանկ է արվելու, թե՞ ժամանակավորապես կասեցվելու է նրա ծառայությունը:

Ըստ Կարապետյանի, Օսիպյանը մեղադրյալ չէ եւ նրան պաշտոնանկ անելու կամ ծառայությունը կասեցնելու հիմք չկա: Մինչդեռ ՀՔԾ-ն հայտարարում է, որ նրա նկատմամբ է հարուցվել քրեական գործը: «Իհարկե, Օսիպյանը շարունակում է աշխատել, ծառայում է ՀՀ ոստիկանությանը, ցանկացած ոստիկան մինչ մեղադրանք առաջադրելը, պետք է աշխատի, եթե նրա դեմ մեղադրանք առաջադրվի, դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից, բնականաբար, ըստ օրենքի,կհեռացվի համակարգից, հստակ մեխանիզմ է: Փաստի առթիվ քրեական գործ հարուցելը չի նշանակում, որ նա մեղադրյալ է»,-ասել է Աշոտ Կարապետյանը:

Ավելի վաղ ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Նրա փոխանցմամբ՝ քրեական գործ է հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա: Թե որ հոդվածն է, վերջինս հրաժարվել էր պատասխանել:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Վալերի Օսիպյանի եղբորորդին դանակահարել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին: Մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Երեւանի փոխոստիկանապետը հանդիպել էր միջադեպի մասնակիցներից մեկի մոր՝ Սուսաննա Հովհաննիսյանի հետ եւ փորձել համաձայնության գալ եւ իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա: