Նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած Հայկ Կյուրեղյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից, Հայկ Կյուրեղյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս, ապա բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, Հայկ Կյուրեղյանը կալանավորված է:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am